
![]()
Նազարեթ Հակոբ Բերբերյանը ծնվել է 1951 թ. հունիսի 11-ին ք. Երևանում: 1915 թ. Հայոց Ցեղասպանությունից փրկվելով նրա հայրը՝ Հակոբը, փախել է Թուրքիայի Բելան գյուղից և ապաստան գտել Սիրիայի Հալեպ քաղաքում:
Այստեղ 1943 թ. նա ամուսնացել է Հայոց Ցեղասպանությունից փրկված Մարի Քիլեջյանի հետ, ով Հալեպ էր հասել Այնթափից: Հայրենիք վերադառնալու վճռականությամբ նրանք միացան հայրենադարձության մեծ հոսանքին և հաստատվեցին Երևանում:
Բերբերյանների երկու կենդանի մնացած երեխաներից կրտսերը Նազարեթն էր: Նրա եղբայրն ու քույրը մահացել էին իր ծննդից առաջ: Նազարեթը դեռ հինգ տարեկան էր, երբ Բերբերյանները կորցրին ընտանիքի ևս մեկ անդամ՝ Հակոբին: Այդ կորուստը ծանր հարված հասցրեց աղքատ գաղթականների ընտանիքին: Քսան հինգ տարի Երևանում ապրելուց հետո, երբ վերջապես Սովետական Միությունից արտագաղթելու հնարավորություն ընձեռվեց, Բերբերյանները տեղափոխվեցին ևս մեկ անգամ՝ Սովետական Հայաստանի սահմաններից դուրս ավելի բարենպաստ ապաստան գտնելու նպատակով: 1971 թ. ընտանիքը հաստատվեց ԱՄՆ-ում:
![]()
![]()
Նազարեթը 19 տարեկան էր, երբ հարկ եղավ հարմարվելու բոլորվին այլ միջավայրի: Լինելով կենսախինդ ու առհասարակ դրական լիցքերով տոգորված անձնավորություն՝ Նազարեթը շատ շուտով ձեռք բերեց բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ: Ձեռներեցության արտասովոր շնորհը նրա առաջին կապիտալն էր բիզնեսի աշխարհ տանող նրա հաղթական ճանապարհին: Գործի դնելով իր սուր միտքն ու անհրաժեշտ գիտելիքների պաշարը Նազարեթն իր նոր որդեգրած հայրենիքում դարձավ հաջողակ գործարար գորգագործության և անշարժ գույքի ոլորտներում: Հաջողակության նրա սցենարում յուրօրինակն այն է, որ նա այն հազվադեպ գործարարների դասակարգին էր պատկանում, որոնց բարությունն ու առատաձեռնությունը չեն խոչընդոտում պրոֆեսիոնալ ոլորտում գլխապտույտ թռիչքներ արձանագրելուն:
Բնակություն հաստատելով ԱՄՆ-ում՝ նա երբեք չկտրեց Հայաստանի հետ իր ամուր կապերը. Հայաստանը նրա կենսամուղ "մարտկոցն" էր: Նրա անձնագրերի էջերը պատված էին արտոնագրային կտրոններով ու կնիքներով, որոնք նրան հասցնում էին Սովետական Հայաստան ու հետ բերում: Սակայն ՍՍՀՄ փլուզումն էր, որ բազմապատկեց ոչ միայն նրա այցերի հաճախականությունը, այլև տևողությունն ու նպատակը:
![]()
![]()
Ժամանակին Սովետական Միության ամենաբարեկեցիկ ու ծաղկող հանրապետություններից մեկը՝ նորանկախ Հայաստանը 1990-ականներին ընկել էր կործանիչ պատերազմի ճիրանն ու իր գոյությունը հազիվ էր քաշ տալիս կաթվածահար եղած ենթակառուցվածքի ու տապալված տնտեսության պայմաններում: Քրոնիկական կաշառակերությունից տառապող և մաֆիայի խամաճիկ դարձած իշխանությունները բնակչության մեծ մասի կենսամակարդակը ՄԱԿ-ի սահմանած աղքատության շեմից ցած էին գլորել: Պատերազմը, տնտեսական անկումն ու մարդասիրական աղետն ի վերջո զանգվածային արտագաղթ պատճառեցին, ինչի հետևանքում երկիրը կորցրեց իր բնակչության մեկ երրորդը: Ըստ տարբեր աղբյուրների՝ 1990-ականների ողջ ընթացքում 1 միլիոնի չափ մարդ է լքել Հայաստանը:
Այսպիսին էր Սովետական Միության փլուզմանը հետևած այցերի ժամանակ Նազարեթ Բերբերյանի տեսած Հայաստանը: Ստեղծված իրավիճակը նա ընդունեց որպես մարտահրավեր՝ որոշելով նպաստել աղքատացած իր հայրենակիցների վիճակի բարելավմանը: Ձեռք մեկնելու նրա առաջին փորձերը սահմանափակվում էին ամենաշատը տառապող մարդկանց գումարներ հատկացնելով:
Սոցիալական համակարգի կաթվածահարության պատճառով չկար մի վստահելի մեխանիզմ, որը կարտացոլեր մարդկանց ներկա սոցիալ-տնտեսական վիճակը: Այդ իսկ պատճառով սկզբնական շրջանում Նազարեթն անձամբ էր փնտրում ու հայտնաբերում կարիքավորներին իր դասընկեր, նախկին գործընկեր և Կրթության նախկին նախարար Արեգ Գրիգորյանի աջակցությամբ: Հետագայում Երևանի Սբ. Սարգիս եկեղեցին ընտրվեց որպես հավանական շահառուների գրանցման վայր: Նրանց մեջ կային տնանկ Արցախցի փախստականներ, 1988 թ. Սպիտակի երկրաշարժը վերապրածներ, վիրահատության կարիք ունեցող վիրավոր ազատամատրիկներ, պատերազմից որբացած սովահար երեխաներ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ և այլոք:
«Եթե մի ձեռքդ բարեգործություն կամ ողորմություն է անում, մյուսը չպետք է իմանա այդ մասին». այս սկզբունքով էր ողջ կյանքում առաջնորդվում: Նազարեթ Բերբերյանը միշտ կտրուկ դեմ էր, որ իր բարեգործությունները լրատվամիջոցներով հաղորդվեն: «Միայն մեկ անգամ է իր բարեգործության մասին խոսվել, երբ 1993թ. բազմազավակ բոլոր հայ ընտանիքները ստացան մթերքի օգնություն, - հիշում է Արեգ Գրիգորյանը Անկախ շաբաթերթին տված հարցազրույցում: - Այդ տարիներին այն ձևական լոբի կամ ձեթ չէր ու էնքան շատ էր, որ մարդիկ դժվարությամբ էին տուն տանում: Սոցապ նախարարությունն բազմաթիվ շնորհակալական նամակներ է հղել Բերբերյանին, որոնք պահպանվում են ինձ մոտ»:
Զարմանալի է հնչում, սակայն փաստ է, որ իր մարդասիրական արգասիքներից օգտված մարդկանցից շատերը առ այսօր չգիտեն իրենց բարերարի ով լինելը: Զեմֆիրա Արշակյանը, որ այրի է ու դիսպանսեր հիվանդ (հեռացված է մեկ երիկամը), հիշեց, որ 1993թ. Սուրբ Սարգիս եկեղեցում գրացվել է կարիքավորների ցուցակում, ստացել 4000 ռուբլի` երկու երեխաների խնամքի համար, սակայն իրեն չեն ասել բարեգործի անունը. «Գրեթե մեկ տարի գնում, գալիս էի եկեղեցի, որ գոնե իմանամ` ով է այդ բարերարը, վերջում նոր ասացին, որ Բերբերյանն է»:
Մեծապես Արեգ Գրիգորյանի շնորհիվ է, որ մենք տեղեկանում ենք Նազարեթ Բերբերյանի վաղ ժամանակաշրջանի բարեգործական նախաձեռնություններին: Բարեբախտաբար նա մանրամասնորեն գրանցել է Նազարեթի անանուն բարեգործություններն ու պահպանել այդ բոլոր փաստաթղթերը գալիք սերունդների համար որպես ոչ միայն հայրենասիրության, այլև, ընդհանրապես, մարդասիրության լավ օրինակ:
Տարիների հետ աճեցին Նազարեթ Բերբերյանի մարդասիրական օգնության մասշտաբներն ու աշխարհագրական զանազանությունը: «1999 թ. ապրիլին գնացել էի հյուսիսային Քաշաթաղի հիմնական ճանապարհից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի հեռավոր գյուղ այնտեղ 15 զավակ ունեցող մի ընտանիք նկարահանելու համար», - հիշում է Նազարեթ Բերբերյանի մտերիմներից ամերիկահայ Արա Մանուկյանը, ով այդ ժամանակ բնակվում էր Արցախում: - «Այն, ինչ այնտեղ տեսա, սովահար երեխաներ էին ու հուսահատ ծնողներ: Նույն գիշերը այցելեցի Նազարեթին իր երևանյան բնակարանում ու հետը կիսվեցի տեսածիս մասին: Նրանից լավագույն դեպքում ակնկալում էի կարեկցանք և տխրության զգացում, բայց դրա փոխարեն նա ինձ առաջարկեց հետն առավոտյան գնալ շուկա, որտեղ իր վարձած խոշոր բեռնատարը տոննաներով սննդամթերք ու հիգիենիկ պիտույքներ
բարձեցինք, որոնք նույն օրվա երկրորդ կեսին բաժանեցինք ամբողջ գյուղին, ինչպես նաև ճանապարհին ընկած մի քանի այլ գյուղերի»: Նազարեթի շնորհիվ և Մոնթե Մելքոնյանի ֆոնդի միջոցով բեռնատարներով ծայրահեղ անհրաժեշտության մարդասիրական օգնություն է հասցվել Արցախի ամենահեռավոր գյուղերին, հատկապես պատերազմից տուժած Քաշաթաղի, Քարվաճառի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում (սեղմեք այստեղ տեսնելու նրա մարդասիրական օգնության բաշխման լուսանկարներն ու տեսագրություններ): Շատ անգամ Նազարեթն անձամբ էր մասնակցում մարդասիրական օգնության բաշխմանը, բայց օգնություն ստացողներին երբեք չէր բացահայտում այն փաստը, որ ինքն է իր գրպանից վճարել այդ ամբողջ սննդամթերքի համար: Իսկ երբ հարցնում էին, նա ԱՄՆ-ում բնակվող ինչ-որ երևակայական գործարարի էր մատնանշում, ով իբր իրեն վստահել է սննդի բաշխման գործը: Միևնույն ժամանակ Նազարեթ Բերբերյանը ուսումնասիրում էր այդ վայրերում գործ դնելու հնարավորությունները՝ նպատակ ունենալով մարդասիրական օգնությունից օգտվողներին օժանդակել, որպեսզի նրանք տնտեսապես կայուն վիճակում լինեն ու կարողանան իրենց կարիքները հոգալ սեփական ուժերով: Ժամանակ առ ժամանակ նա իրականացնում էր այդպիսի նախագծեր:
![]()
![]()
Նազարեթ Բերբերյանի կյանքում հերթական բեկումնային իրադարձությունը 1998 թ. կնոջ և երեխաների հետ Հայաստան տեղափոխվելն էր: Այդ իրադարձությանը նա միշտ անդրադառնում էր որպես իր կյանքի ամենամեծ երազանքի իրականացումը: Այնուամենայնիվ այդ երազանքը չէր պարփակվում փափուկ բազմոցին մեկնվելով ու գրեթե բոլոր հայաստանյան պատուհաններից բացվող Արարատի երկվորյակ ձնածածկ գագաթների տեսարանի ըմբոշխմամբ: Նույն տարվա հոկտեմբերին Արարատյան դաշտում գտնվող գեղատեսիլ Դալար գյուղում նա հիմնադրեց «Բերնար» գորգագործական ձեռնարկությունը: Մեծապես միևնույն բնագավառում ունեցած իր նախորդ փորձառության շնորհիվ «Բերնար» մեկնարկն արագ ու արդյունավետ ստացվեց: Հայկական, կովկասյան, պարսկական և դեկորատիվ գորգերի թողարկումից զատ՝ «Բերնար» ձեռնարկությունը ստեղծեց Հայաստանում մետաքսյա գորգերի արտադրության նախադեպը:
Նազարեթ Բերբերյանը 1999 թ. տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համահայկական խորհրդաժողովի ակտիվ մասնակիցներից էր: Նա ուշիուշով հետևում էր հատկապես տնտեսական զարգացման ֆորումի աշխատանքներին, որը վարում էր այն ժամանակ ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը: Սփյուռքն ու Հայաստանը մերձեցնող այս խոշոր տնտեսական իրադարձությունից քաղած տեղեկությունները նրան օգնեցին առանձնացնել գոյություն ունեցող խնդիրներն ու ոգեշնչեցին դրանց համար լուծում գտնել: Նրան շատ էր ոգևորում նորաթուխ հանրապետության բարգավաճման գործում իր նպաստն ունենալու հեռանկարը:
1999 թ. Նազարեթ Բերբերյանը ԱՄՆ-ում հիմնադրեց «Փրոջեքթ Արմենիա» շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որի գլխավոր նպատակն էր կրթական, մշակութային, սոցիալական ծրագրերի իրագործումը: Առաջնայնությունը տրվում էր Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը:
«Փրոջեքթ Արմենիա»-յի սեփականություն հանդիսացող «Բերնար» ՍՊԸ Բերբերյանի բարեգործական խոշոր նախաձեռնություններից էր: Բազմաթիվ տեղացիների աշխատանքով ապահոված այս ձեռնարկությունը հագեցած էր գորգագործության ոլորտի ամենավերջին տեխնոլոգիաներով: Տնոօրինության հավաստմամբ՝ ձեռնարկության հզորությունը պահանջարկի աճի դեպքում ի կարող էր գոյացնել ընդհուպ մինչև 10 000 աշխատատեղ: Արտադրանքը հիմնականում միտված էր արտահանման, իսկ ողջ հասույթը փոխանցվում էր «Փրոջեքթ Արմենիա» կազմակերպությանը բարեգործական ծրագրերի իրականացման համար:
«Նազարեթը շատ բարձրաճաշակ էր, օրերով տանջվում էր գույների ընտրության համար,- ասում է Գրիգորյանը, որ եղել է Բերբերյանի «Բերնար» ընկերության տնօրենը,- Պատահում էր` մենք տուն էինք գնում աշխատանքից, իսկ ինքը կարող էր երկար մնալ, թելը երկար-բարակ դնել` մինչև որոշեր գորգի` իր ուզած գույնը:
«Բերնար»-ի արտադրության գորգերի ժողովրդականացման նպատակով 2007 թ. դեկտեմբերին Նազարեթ Բերբերյանը ցուցասրահ բացեց Կալիֆորնիա նահանգի Լա Կանյադա Ֆլինթրիջ քաղաքում: Նա պլանավորում էր նմանատիպ ցուցասրահներ բացել նաև Երևանում, Աթենքում, Լաս Վեգասում, ինչպես նաև Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում:
Բերբերյանի երկրորդ գործարարական նախաձեռնությունը «Լիլ-Նար» շինարարական ընկերության հիմնումն էր, որի նախնական նպատակն էր Երևանի կենտրոնում գորգերի ցուցասրահի կառուցումը: Սակայն հետագայում նա որոշեց այդ գաղափարն իրականացնել առավել խոշոր նախագծի շրջանակներում: 2006 թ. «Լիլ-Նար» ՓԲԸ սկսեց Նազարեթի վերջին խոշոր նախագծի՝ «Արագած» բարձրակարգ հյուրանոցի կառուցման իրականացումը: Երևանի սրտում՝ Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող հյուրանոցի առաջին երկու հարկերում նա պլանավորել էր ստեղծել առևտրի կենտրոն, որտեղ պիտի ներկայացվեր Հայաստանի լավագույն արտադրանքը՝ ներառյալ «Բերնար»-ի
բարձրորակ գորգերը: Հաշվի առնելով հյուրանոցի՝ գործարար ճամփորդների սպասարկելու շեշտադրությունը՝ դա մի հիանալի մարքեթինգային քայլ էր հայաստանյան արտահանելի արտադրանքը պոտենցիալ միջազգային գնորդներին ներկայացնելու համար:
Ընդունելով Երևանի քաղաքապետարանի առաջարկը՝ հյուրանոցի նախնական պլանավորված չափերը ընդլայնվեցին: Քաղաքապետարանը առաջարկում էր արդեն իսկ ձեռք բերված տարածքին 99 տարվա վարձակալությամբ կցել հետնամասում գտնվող մի փոքր տարածք: Քաղաքի կենտրոնը բարեկարգելու նպատակով իրացման գոտի հայտարարված տվյալ տարածքում գտնվող խարխուլ տների բնակիչները ենթակա էին վերաբնակեցման: Ի տարբերություն այլ իրացնող ընկերությունների, որոնք բնակիչներին իրենց անշարժ գույքի դիմաց վճարում էին շուկայականից ցածր գներով, Նազարեթ Բերբերյանը ոչ միայն հարազատ էր մնում շուկայական գներին, այլև առիթ էր փնտրում յուրաքանչյուր ընտանիքի հավելյալ 10 000 դոլար վճարելու համար, որպեսզի նրանք ի վիճակի լինեն շատ ավելի բարեկարգ տուն գնել ու կահավորել:

![]()
Ավաղ, նրա կյանքի թելն ավելի կարճ էր, քան իր իսկ երկարաժամկետ պլանները: 2009 թ. Ապրիլի 25-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Նազարեթ Բերբերյանը դաժանորեն խոշտանգվել, ապա սպանվել է ագահությամբ ու նախանձով լցված բարբարոսների կողմից: Բազմաթիվ մարդասիրական ծրագրեր մնացին անավարտ: Ընտանիքը սգում է հոր, ամուսնու ու եղբոր անհատուցելի կորուստը:
Այնուամենայնիվ, լինելով մեծ բարեգործ, Նազարեթ Բերբերյանը երբեք չի մոռացվի: Ոչ ոք չպետք է մոռանա գործն այն մարդու, ով կտրեց պասիվ կարեկցանքի սահմանագիծն ու ձեռնարկեց կոնկրետ քայլեր կարիքավորի կյանքը բարելավելու համար:
Նազարեթ Բերբերյանն իր հետևում թողել է չորս զավակ՝ Նայիրիին, Հակոբին, Արփիին և Մերիին, կնոջը Լիլիանա Բերբերյանին, քրոջը Նուրիցա Բերբերյանին, ինչպես նաև բազմաթիվ ազգականների ու ընկերների: Աստված հոգին լուսավորի: